Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 27-ի նիստում որոշում կայացրեց պահուստային ֆոնդից 48 մլն դրամ հատկացնել վարչապետի աշխատակազմին՝ «Կոնդի առանձնատների տնտեսության»՝ «Վեոլիա Ջուր» ընկերությանը խմելու ջրի դիմաց գոյացած պարտքի մարման համար:

Հարցը ներկայացրեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշելով, որ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի օգտագործված խմելու ջրի դիմաց տարիների ընթացքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին կուտակել է պարտք, որը կազմում է 48,9 մլն դրամ:

Կազմակերպության նախկին տնօրինության կողմից, անվտանգության նկատառումներից ելնելով, Ընկերության աշխատակիցներին թույլ չի տրվել մուտք գործել տարածք եւ գրանցել ջրաչափական սարքի փաստացի ցուցմունքը: Հաշվի առնելով, որ Կազմակերպությունը հանդիսանում է հատուկ պահպանվող տարածք, Ընկերությունը մատուցած ծառայությունների դիմաց հարկային հաշիվները դուրս է գրել բաժանորդի կողմից բանավոր կերպով հաղորդվող ծախսերի հիման վրա, հնարավորություն չունենալով ստուգելու դրանց իսկությունը:

Ջրաչափական սարքի ցուցմունքը վերոնշյալ կարգով գրանցելու արդյունքում 2018թ. մայիսի 29-ի դրությամբ կազմել է  148058 խմ, իսկ 2018թ. հունիսի 25-ին Կազմակերպության ներկայացուցչի ներկայությամբ Ընկերության աշխատակիցը տեղում փաստացի արձանագրել է  473012 խմ ցուցմունք: Այսինքն մեկ ամսում արձանագրվել է 324954 խմ ծախս եւ ակնհայտ է դարձել, որ Կազմակերպության կողմից հաղորդած տվյալները չեն արտացոլել իրական ծախսը, ինչի արդյունքում տարիների ընթացքում կուտակվել է 324954 խմ ծախս:

Կազմակերպության պահանջով ջրաչափական սարքը ենթարկվել է ստուգաչափման եւ թերություն չի հայտնաբերվել՝ արձանագրվել է, որ այն համապատասխանում է  տեխնիկաակն պահանջներին: Հարցի վերաբերյալ Կազմակերպության կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ եւ Ընկերության հետ կազմվել է փոխադարձ ակտ:

Սույն նախագծի ընդունմամբ Կազմակերպությունը կմարի իր գործունեության ընթացքում առաջացած ֆինանսական պարտավորությունը օգտագործված խմելու ջրի դիմաց: