Հունիսի 27-ին Երեւանում ընթացող Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը մեկնարկել է Հայաստանի փոխվարչապետ, Հայ-վրացական առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Տիգրան Ավինյանի ելույթով:

Ողջունելով նիստի մասնակիցներին` Տիգրան Ավինյանը նշել է, որ հանձնաժողովի աշխատանքները Հայաստանի ու Վրաստանի միջեւ երկկողմ բազմաոլորտ համագործակցության զարգացման համատեղ ջանքերի հերթական ապացույցն է՝ ընդգծելով, որ հայ-վրացական կառուցողական գործընկերությունը ներառում է երկկողմ միջպետական կապերի բազմաթիվ կարեւոր ուղղություններ, եւ միանշանակ է, որ միջկառավարական հանձնաժողովն իր գործունեությամբ եւս կծառայի այս համագործակցության խորացմանը։

Տիգրան Ավինյանը համոզմունք է հայտնել, որ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում նոր հեռանկարներ կբացվեն բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, ինչպես նաեւ մշակույթի, կրթության, առողջապահության եւ այլ ոլորտներում՝ ընդգծելով, որ հայ-վրացական երկկողմ օրակարգը հագեցած է էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում բազմաթիվ հեռանկարային այնպիսի ծրագրերով, որոնք միտված են նաեւ մեր երկրների տարանցիկ կարողությունների զարգացմանը։

Նշվել է նաեւ, որ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը նոր եւ լավ հիմք է ստեղծում հայ-վրացական հարաբերությունների հետագա ամրապնդման ու զարգացման համար, եւ Հայաստանի ու Վրաստանի կառավարությունները նոր եռանդով կշարունակեն իրենց արդյունավետ համագործակցությունը՝ ի շահ եւ ի բարօրություն երկու ժողովուրդների։

Ելույթի վերջում ՀՀ փոխվարչապետը hայկական պատվիրակության անունից եւս մեկ անգամ ողջունել է վրաց գործընկերներին եւ մաղթել բոլորին արդյունավետ եւ արգասաբեր աշխատանք։

Բացման խոսքով հանդես է եկել նաեւ Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար, Հայ-վրացական առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մայա Ցկիտիշվիլին: