Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 257-ի նիստում որոշում կայացրեց Պետգույքի կառավարման կոմիտեին ամրացված եւ «Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին» անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երեւան քաղաքի Նար-Դոսի փողոց 53/2 հասցեում գտնվող 1039.1 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները եւ դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.11348 հեկտար մակերեսով հողամասը հետ վերցնել եւ ուղղակի վաճառքի ձեւով օտարել «Ատլանտ Գրուպ» ՍՊԸ-ին:

Հարցը ներկայացրեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ գույքի արժեքը 274,9 մլն դրամ է:

Գնորդը պարտավոր է նաեւ վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.11348 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը` 28 767 180  դրամ։

Սահմանվել է, որ գնորդը Գույքի արժեքը պետք է վճարի Հայաստանի Հանրա¬պե¬տության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրա-պետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

Ընկերությունը միաժամանակ տեղեկացրել է, որ Նար-Դոսի փողոց 53 հասցեի հարեւանությամբ արդեն իսկ ձեռք է բերել 12 սեփական առանձնատներ, որոնց հողի ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 2360 քառ. մետր եւ նախատեսում է տվյալ հասցեում կառուցել նոր գույքային համալիր՝ հյուրանոց: Կառավարությունը նոր համալիրում ձեռք է բերելու հազար քմ տարածք:

Ընկերության կողմից նաեւ ներկայացվել է ներդրումային գործարար ծրագիր՝ համաձայն որի  ընկերության կողմից արդեն իսկ ձեռք բերված տարածքում եւ օտարման ներկայացվող Երեւան քաղաքի Նար-Դոսի փողոց 53/2 հասցեում նախատեսվում է մինչեւ 2021 թվականի օգոստոս ամիսը կառուցել նոր գույքային համալիր, որի նպատակով կներդրվի շուրջ 5 000 000 000 ՀՀ դրամ, որից 1 440 000 000 դրամը բաժին կընկնի օտարման ներկայացվող տարածքում կատարվող ներդրումներին։

Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը նշեց, որ այս ընկերությունն արդեն իսկ հյուրանոց կառուցել է այդ հատվածում, հիմա ցանկանում է ընդլայնվել: