Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ծրագրում է աշնանն այցելել Հայաստան։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, ուրբաթ հաղորդել է Դաշնության փոխնախագահ Յուրի Վորոբյովը։

 «Վալենտինա Մատվիենկոյի այցը աշնանը կարող է զուգորդվել երկու երկրների համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստի անցկացման հետ։ Միջոցառումը նախատեսվում է անցկացնել Գյումրիում հոկտեմբերին»,- ասել է Վորոբյովը՝ ամփոփելով Ռուսաստանի Դաշնային խորհրդի եւ ՀՀ Ազգային ժողովի համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 31-րդ նիստի արդյունքները, նշում է «Ռոսիյսկայա գազետա»-ն։

Մոսկվայում հունիսի 28-ին տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը։ Նիստին, Վորոբյովի խոսքով, քննարկվել է «շատ կարեւոր հարց. ինչպես բարելավել մեր հարաբերությունները հասարակական կապերի, հասարակական կազմակերպությունների միջոցով»։

Նիստի աշխատանքին մասնակցել են հայ խորհրդարանականների պատվիրակությունը՝ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, Դաշնության խորհրդի անդամներ, Պետական դումայի պատգամավորներ, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը եւ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։