23 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը  հնարավոր է  պատժից վաղաժամկետ ազատ արձակվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ցմահ դատապարտյալի փաստաբան Միհրան Պողոսյանը:

«Պրոբացիայի ծառայությունը դրական եզրակացություն է տվել, եւ ՔԿՀ-ն դիմել է դատարան պատժից վաղաժամկետ ազատ արձակելու համար, դատական նիստը  նշանակված է օգոստոսի 20-ին»,-ասաց նա:

Պաշտպանը նշեց, որ 23 տարիների ընթացքում Աշոտն անընդհատ զղջացել է կատարվածի համար, ներում խնդրել եւ այժմ տուժողների իրավահաջորդները դեմ չեն, որ Աշոտը վաղաժամկետ ազատ արձակվի:

Նշենք, որ Աշոտ Մանուկյանը մեղադրվել եւ ազատազրկվել է 1996 թվականին Հայաստանի զորամասերից մեկում երեք զինծառայող սպանության համար:

7 տարի գնդակահարության սպասելուց հետո 2003թ օգոստոսի 1-ին Աշոտ Մանուկյանին ներում շնորհվեց եւ մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ: