ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մեկ տարվա ընթացքում չի հետաքրքրվել Նիկոլ Փաշինյանից, թե ի՞նչ եղավ, որ վարչապետն իր նկատմամբ փոխեց կարծիքն ու վերաբերմունքը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 1–ին դատախազությունում ի պատասխան լրագրողի հարցին, հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Գլխավոր դատախազը զերծ մնաց նաև մասնագիտական գնահատական տալուց Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավական ճգնաժամի վերաբերյալ։

Հարցին, թե արդյոք նոր քննությամբ էլ են «Մարտի 1»-ի զոհերից 8–ը  բնորոշվել, որպես զանգվածային անկարգությունների մասնակցիներ, Դավթյանն արձագանքեց.

«Մեր նոր քննության արդյունքները շատ հաճախ տրամաբանորեն տարբերվում են նախորդ քննության տվյալներից։ Նոր քննությամբ ձեռք ենք բերում տվյալներ, որոնք հիմք են տալիս բեկանելու նախորդ դատական ակտերում տրված եզրահանգումները և ներկայումս այդ դատական ակտերի վերանայմանն ենք գնում»։

Անդրադառնալով «Մարտի մեկի» գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի այն հայտարարությանը, թե մարտի մեկին 10–ից ավելի զոհ է եղել, Արթուր Դավթյանը պատասխանեց, որ նման տվյալ իրենց հայտնի չէ.

«Չի բացառվում դա, բայց այսքան ժամանակ այդպիսի տեղեկատվություն չի եղել»։