Մարդկանց վաճառքի մասին համաշխարհային զեկույցի շրջանակում ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացրած տվյալներից հետեւում է, որ Ադրբեջանում աճում է մարդկանց վաճառքը (թրաֆիքինգը):

Զեկույցի մեջ նշվում է, որ մարդկանց վաճառքի մասին գործող օրենսդրությունը Ադրբեջանում ընդգրկում է թրաֆիքինգի բոլոր ձեւերը, որոնք նշված են ՄԱԿ համապատասխան արձանագրության մեջ: Դիտվում է երկրի քաղաքացիների սեռական շահագործման աճի միտում՝ մարդավաճառների կողմից հարկադիր աշխատանքի հանդեպ հետաքրքրության նվազմամբ: Ըստ վիճակագրության՝ ադրբեջանցիների համար առավել վտանգավոր երկրներն են եղել Թուրքիան եւ Արեւմտյան ու Կենտրոնական Եվրոպայի երկրները:

Բուն Ադրբեջանում ծաղկում է հարսնացուների, երեխաների վաճառքը՝ վերջինների ապօրինի որդեգրման նպատակով: Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանում մարդավաճառների գրանցված զոհերի թիվը վերջին տարում մեծացել է: Փաստաթղթի հեղինակների կարծիքով՝ սա վկայում է երկրում հանցավորության աճի մասին:

Ադրբեջանում գործազրկության պատճառով մարդիկ ցանկացած աշխատանքի համաձայնվում են՝ միայն թե կերակրեն ընտանիքին, չիմանալով, որ առաջարկվող աշխատանքը հանգեցնելու է սեռական շահագործման: Մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ համարում են, որ Ադրբեջանում մարդկանց վաճառքի քրեական բիզնեսի մեջ են ներգրավված պետական պաշտոնյաները եւ իրավապահ մարմինները: Հենց այս պատճառով է Ադրբեջանում շարունակում ծաղկել հանցավորության այս տեսակը: ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում նշվում է, որ մինչեւ թրաֆիքինգի ոլորտում հանցագործությունների համար պետական պաշտոնյաները պատասխանատվության չենթարկվեն, հանցագործության այս տեսակը չի հաջողվի կանխել:

Ադրբեջանի իրավապաշտպան կազմակերպությունները մեկ անգամ չէ, որ ՆԳՆ-ին մեղադրել են «տանիք» լինելու համար մարմնավաճառությանը եւ որջերին, մարմնավաճառներին որպես ոստիկանական գործակալներ եւ կենդանի խայծ օգտագործելուն՝ հաճախորդների հետագա վարկաբեկման եւ շանտաժի նպատակով:

Աշխարհի 186 երկրում մարդկանց վաճառքի դեմ պայքարի մասին ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում այս պայքարում Ադրբեջանի ջանքերի վերաբերյալ գնահատականը չի փոխվել: Ադրբեջանը կրկին դասվել է երկրորդ կարգին, այսպես կոչված՝ TIER 2 WATCH LIST երկրների ցանկին, որոնք չեն համապատասխանում TVPA ստանդարտներին:

Ադրբեջանը տարանցիկ երկիր է եւ նշանակման երկիր հարկադիր աշխատանքի ենթարկվող տղամարդկանց, կանանց եւ երեխաների համար, ինչպես նաեւ սեռական շահագործման ենթարկվող կանանց եւ երեխաների համար: Ադրբեջանից տղամարդիկ եւ տղաները սեռական շահագործման են ենթարկվում Արաբական Միացյալ Էմիրություններում, Թուրքիայում եւ Իրանում: Երկրի ներսում ենթարկվում են հարկադիր աշխատանքի, այդ թվում՝ հարկադիր մուրացկանության: Այնպես որ, Իլհամ Ալիեւի խոստացած սոցիալական արդարությունը, մեղմ ասած, երկրում կաղում է եւ հազիվ թե իրավիճակը բարելավվի, քանի դեռ երկիրը կառավարում է ալիեւյան մաֆիան:

Րաֆֆի Սամվելյան