Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետեւանքով տուժած Վրաստանի քաղաքացի Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել:

Դրանում ասվում է. «Հայտնում ենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այսօր այցելել են հիվանդանոց, որտեղ գտնվում է հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետեւանքով տուժած Վրաստանի քաղաքացի Դավիթ Գրիգորյանը։

Դիվանագետները հանդիպում են ունեցել գլխավոր բժշկի եւ Դավիթ Գրիգորյանին բուժող բժիշկների հետ։

Նրանց փոխանցմամբ` Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն, եւ վերջինս այսօր կամ վաղը վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի պալատ։

Դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ եւ Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակի մասին հանդես կգա հավելյալ հայտարարություններով»։