Լիբանանի արտաքին գործերի նախարար Ջեբրան Բասիլը ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դեւիդ Սաթերֆիլդի հետ քննարկել է լիբանանա-իսրայելական ցամաքային եւ ծովային սահմանազատման մասին բանակցությունները, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով լիբանանյան ԱԳՆ մամուլի ծառայությանը։

«ԱՄՆ ներկայացուցիչ Դեւիդ Սաթերֆիլդը, որը լիազորված է միջնորդելու Լիբանանի եւ Իսրայելի միջեւ ցամաքային եւ  ծովային սահմանազատման վերաբերյալ բանակցություններում, նախարար Բասիլին է ներկայացրել այն գործողությունների մանրամասները, որոնք նախաձեռնվել են ԱՄՆ-ում եւ Իսրայելում վերջին շաբաթներին։ Հիմնական հարցի շուրջ կարծիքները համընկան, դրանք հանգում են նրան, որ անհրաժեշտ է գտնել նավթային հանքավայրերում Լիբանանի շահերը պաշտպանելու լուծումներ»,- ասված է ամփոփիչ հայտարարությունում։

Սաթերֆիլդը սահմանագծման հարցը կքննարկի  նաեւ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի եւ խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի հետ։ Բասիլն իր հերթին կտեղեկացնի երկրի նախագահ Միշել Աունին ԱՄՆ ներկայացուցչի վերջին գործողությունների մասին վիճելի սահմանային հարցի վերաբերյալ։

Լիբանանի եւ Իսրայելի միջեւ լարվածությունը ծովային եւ ցամաքային սահմանների որոշման հարցում առաջ է եկել այն բանից հետո, երբ ափամերձ ջրերում հայտնաբերվեցին նավթի եւ գազի հանքեր։ Լիբանանի ղեկավարությունը հայտարարեց, որ վիճելի հատվածները գտնվում են Լիբանանի բացառիկ տնտեսական գոտում, եւ իրեն իրավունք է վերապահել պաշտպանել ռեսուրսները բոլոր հնարավոր օրինական միջոցներով։

Լիբանանի նախագահ Միշել Աունը դիմել է ԱՄՆ-ին՝ կոչ անելով ՄԱԿ-ի հետ համատեղ հանդես գալ որպես միջնորդ հարավային սահմանների վերաբերյալ վիճելի հարցերը լուծելիս։