Ցանկացած արտոնության պետք է մոտենալ այն տրամաբանությամբ, որ այն ժամանակավոր է, եթե էական կառուցվածքային խնդիրների չի անդրադառնում։ Այս մասին ասյօր՝ հուլիսի 2-ին, «Հարկային փոփոխությունների ազդեցությունը առաջանցիկ տեմպերով ներդրումների ավելացման վրա» թեմայով քննարկման ժամանակ ասաց նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։

«Մենք ընդամենը ուզում ենք խթանել, մենք ասում ենք գրավիչ դարձնենք, եթե մի բան զոռով գրավիչ ես դարձնում, ինքը մեծ կյանք չունի»,-նշեց նա՝ խոսելով ներդրումների համար գրավիչ դաշտի մասին։

Անդրադառնալով բաժնետոմսերի թողարկման շուրջ քննարկումներին, նախկին փոխվարչապետը պատմեց՝ ժամանակին փորձել է համոզել հայ խոշոր գործարարի բաժնետոմսեր թողարկել, վերջինս սակայն չի համաձայնել․

«Երբ ես պետական պաշտոնյա էի, մեր խոշոր գործարարներից մեկին համոզում էի, որ քիչ քանակաությամբ բաժնետոմսեր թողարկի, սակայն նա հրաժարվեց, չէր ուզում թեկուզ 5 տոկոսանց բաժնետոմս թողարկի։ Ինքը շատ լավ հասկանում էր, թե ինչ է դա նշանակում, եւ կարող է փողն ավելանալ, իր համար սակայն կրիտիկական չէր փող հավաքելը այդ տեսանկյունից, բայց իր աչքի առաջ կային բաժնետերեր, որոնք կարող էին գալ եւ ներվատրյոպկա առաջացնել, ասում էր ինչիս է պետք, եթե այդ փողը կարողանում է ճարել ավելի էժան եւ ավելի շատ»։

Վաչե Գաբրիելյանը կարծում է, որ բորսայի մասին խոսակցությունները միայն երազներ են․ «Մենք բորայի երազներով կարող ենք ապրել, բայց մեր չափի երկրներում բորսան եթե շաբաթը 2 օր առեւտուր անում է, ուրախությունից պարում է, որովհետեւ ծավալ չկա»։