Տնտեսության մեջ տխուր իրավիճակ է. փայլուն իրավիճակ նկարագրելու համար շեշտադրվում է տնտեսական ակտիվության ցուցանիշը, ինչը քվազի ցուցանիշ է, որը քիչ կապ ունի տնտեսական զարգացման հետ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

«Բացի սելֆիներից հիմնական զանգվածը, որոնք աջակցեց հեղափոխությանը, նրանք ըստ էության, ակտիվորեն զբաղված են շահումով խաղերով եւ զվարճանքներով: Այդ ինստիտուտները կեղծ ֆինանսական հոսքեր են ստեղծում եւ տպավորություն է ստեղծվում, որ նախորդ ժամանակարշջանի համեմատ ակտիվ ենք, բայց այդ ակտիվությունը սիզիփոսյան, անհեռանկար, անօգուտ աշխատանք է»,-ասաց նա:

Բոստանջյանը նկատեց, որ օրինակ, Հոնկոնգի արտահանման 56 տոկոսը բարձր տեխնոլոգիաներն են, իսկ Հայաստանում առանց այդ էլ փոքր արտահանման ծավալի մեջ այդ ոլորտը կազմում է 0,19 տոկոս:

Ինչ վերաբերում է նվազագույն աշխատավարձը 55 հազարից 68 հազար դարձնելու նախաձեռնությանը, տնտեսագետը նշեց. «Մենք իրավունք չունենք կետային, մակերեսային մոտեցումներ հանդես բերել տնտեսական զարգացման վերաբերյալ: Մենք ունենք ոչ արդիական տնտեսություն, մենք կարիք ունենք ճակատային փոփոխությունների»: