Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շնորհավորել է Անկախության օրվա կապակցությամբ:

«Մենք մեծ հույսեր ենք կապում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր ԱՄՆ-ի եւ Ձեզ հետ՝ պարոն նախագահ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ արդարացի, միջազգային իրավունքների նորմերին համապատասխան եւ մեր երկրի տարածքային ամբողջականության շրջանակում կարգավորման հետ»,- ասվում է շնորհավորական տեքստում, որը մեջբերում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ալիեւը նշել է, որ Ադրբեջանին ու ԱՄՆ-ին կապում են բարեկամական եւ գործընկերային հարաբերությունները:

«Մի շարք ոլորտներում համագործակցությունը ռազմավարական գործընկերության բնույթ է կրում: Մենք մտադիր ենք շարունակել ահաբեկչության դեմ պայքարի եւ միջազգային անվտանգության ապահովման հարցերով բազմակողմ ջանքերը: «Հարավային գազային միջանցք» ծրագիրը, որը հաջող կերպով իրականացվել է, մեծ ներդրում ունի Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման համար: Եվ ԱՄՆ-ի կողմից մեր ծրագրերի աջակցությունը մեզ համար մեծ նշանակություն ունի»,- նշել է Ալիեւը: