Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պաշտպանում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գաղափարը՝ հանդիպում անցկացնել ՆԱՏՕ, ՄԱԿ, ԵԱՀԿ եւ ՇՀԿ ղեկավարների հետ։ Այս մասին Մոսկվա-Երեւան-Մինսկ-Նուր Սուլթան տեսակամրջի ընթացքում հուլիսի 4-ին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար, գեներալ-գնդապետ Վալերի Սեմերիկովը։

Սեմերիկովի կարծիքով՝ դա շատ լավ առաջարկություն է։

«Երկրորդ՝ մենք արդեն այդ հարցի լուծման կես ճանապարհին ենք, որովհետեւ մենք ինը հանդիպում ենք անցկացրել ՀԱՊԿ, ՇՀԿ եւ ԱՊՀ գլխավոր քարտուղարների, գործադիր խորհուրդների նախագահների մակարդակով։ Մեր երեք տարածաշրջանային կազմակերպությունների մակարդակով  մենք քննարկում ենք համակողմանի հարցեր»,- ասել է նա։

Կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատարի խոսքով՝ արդեն եղել են կապեր ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի եւ ԱՊՀ-ի ու ԵԱՀԿ եւ ՄԱԿ ներկայացուցիչների միջեւ։

«Ըստ էության, մենք արդեն նախնական մշակումներ ունենք, եւ այդ գաղափարն արդեն իրականացման փուլում է»,- նշել է Սեմերիկովը։