ՀԱՊԿ շրջանակում ստեղծված Ճգնաժամային արձագանքման կենտրոնը ճգնաժամային իրավիճակներին արձագանքման ընդհանուր համակարգում հիմնական կապող օղակ է: Այս մասին հուլիսի 4-ին Մոսկվա-Երեւան-Մինսկ-Նուր Սուլթան տեսակամրջի ընթացքում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար, գեներալ-գնդապետ Վալերի Սեմերիկովը:

Նրա խոսքով՝ այս կենտրոնը վերջերս է ստեղծվել, ինչն անչափ կարեւոր է դարձել կազմակերպության աշխատանքի արդյունավետության բարձրացման տեսակետից:

«ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոնը զբաղվում է պետությունների պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրադրության մոնիթորինգի հարցերով, ճգնաժամային իրավիճակների նախադրյալների հայտնաբերմամբ եւ համապատասխան իրադրության վերլուծությամբ»,- ասաց Սեմերիկովը:

Նա նշեց, որ կենտրոնի գործառույթների մեջ է մտնում իրավասու կառույցների գործունեության տեղեկատվա-վերլուծական ապահովումը: Սեմերիկովը նաեւ հայտնեց , որ կենտրոնը թույլ է տալիս զգալիորեն կրճատել արտակարգ իրավիճակներին օպերատիվորեն արձագանքելու ժամանակը, որը փորձարկվել է վերջերս անցկացված գործնական խաղում:

«Կենտրոնի տեխնիկական հագեցվածությունը թույլ է տալիս փակ ռեժիմով անցկացնել խորհրդակցություններ, բանակցություններ, մարզումներ»,- շեշտեց գեներալ-գնդապետը: