Ադրբեջանը ՀԱՊԿ-ին անդամակցելու ոչ մի պաշտոնական հայց չի ներկայացրել, եւ նման հայտեր այսօրվա դրությամբ կազմակերպությունում չկան։ Այս մասին Մոսկվա-Երեւան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամրջի ընթացքում հուլիսի 4-ին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար, գեներալ-գնդապետ Վալերի Սեմերիկովը՝ պատասխանելով հայ լրագրողների հարցին։

Ընդ որում՝ նա նշել է, որ համապատասխան հայտի բացակայության պայմաններում թեմայի ոչ մի քննարկում կազմակերպությունում չի եղել։

Սեմերիկովը չի բացառել, որ դա կարող է լինել տեղեկատվական արտանետում, որը, ըստ երեւույթին, կարող է հետապնդել ինչ-որ որոշակի նպատակներ, բայց նորից հավաստիացրել է, որ Բաքուն նման խնդրանքով իրենց չի դիմել՝ հիշեցնելով, որ իր գլխավորած կազմակերպությունը կանոնադրություն ունի, եւ պահանջներ նրա շարքերը համալրել ցանկացողներին, եւ այդ ամենին պետք է համապատասխանել։

Նշենք, որ ադրբեջանական մամուլում արծարծվել է տեղեկատվություն այն մասին, որ Բաքուն, իբր, մտադիր է մտնել ՀԱՊԿ՝ համալրելով այդ կազմակերպության անդամ երկրների շարքը։ Հայաստանում նման լուրերը հասարակության եւ որոշ քաղաքական շրջանակների մտահոգությունն են առաջացրել, որոնք համարել են, որ Ադրբեջանն, այդկերպ, փորձում է ուժեղացնել ճնշումը Երեւանի վրա ղարաբաղյան կարգավորման հարցում զիջումների վերաբերյալ։