Յոկոհամայում բացվել է Կղանքի թանգարան (Unko): Այստեղ կղանքը ներկայացված է գալարուն պաղպաղակի եւ կեքսի տեսքով, բոլոր գույների եւ չափերի, փոխանցում է AP-ն:

«Կղանքները գունագեղ են եւ գեղեցիկ են նայվում լուսանկարներում»,- հայտարարել է այցելուներից մեկը:

Թանգարանի այցելուներին մուտքի մոտ սպասում է տեսաներկայացումը, այնուհետեւ նրանց խնդրում են նստել բազմագույն չգործող 7 զուգարանակոնքերից մեկի վրա, որոնք շարված են պատի մոտ: Այցելուները երաժշտության ներքո «արտաթորում» են, որից հետո զուգարանակոնքից կարելի է վերցնել վառ գունավորմամբ հուշանվերային «կղանքը», որը կարելի է տուն տանել էքսկուրսիայից հետո:

Այստեղ ինչպիսի կղանք ասես չկա: Ահռելի լուսային ինսթալյացիաներ, զվարճալի խաղեր:

Վերջում այցելուները պայուսակ են ստանում, որպեսզի մեջը դնեն հուշանվերային կղանքը: