Գերմանական Մյունսթեր քաղաքում հոգեւորական Ուլրիխ Ցուրկուլենը սկանդալ է հրահրել՝ իր քարոզը նվիրելով քահանաներին ներելու հայեցակարգին, որոնք սեռական ոտնձգության են ենթարկել անչափահասներին, տեղեկացնում է DW-ն։

Վիճելի քարոզը տեղի է ունեցել Մյունսթերի Սուրբ հոգու եկեղեցում։ Kirche-und-Leben.de (Եկեղեցի եւ կյանք) ինտերնետ-պորտալը տեղեկացրել է, որ ծխականները վրդովվել են, եւ հավաքի մոտ 70 անդամ հեռացել է ի նշան բողոքի։ Մի քանի ծխականներ ընդհատել են 79-ամյա Ցուրկուլենին եւ փորձել վիճել նրա հետ։ Քահանան չի կարողացել ավարտել քարոզը։ Ընդ որում՝ եկեղեցում ներկա էին նաեւ հոգեւորականների կողմից դաժան վերաբերմունքի արժանացած զոհերը։

Քարոզը տեղի է ունեցել հռոմեա-կաթոլիկական եկեղեցու համար դժվար ժամանակներում, որը բախվում է մշտական մեղադրանքների երեխաների հանդեպ սեռական բռնության եւ եկեղեցու կողմից դրանք թաքցնելու հարցերում։

2018 թվականին Գերմանիայի եպիսկոպոսների կոնֆերանսը հրապարակել է հաշվետվություն, որում ասվում է, որ 1946-2014 թվականներին Գերմանիայում 1670 հոգեւորական հանցակից է եղել 3677 մարդու հանդեպ բռնության գործին։