Թուրքիայի վճռաբեկ դատարանը բեկանել է Ահմեդ Ալթանի, Մեհմեդ Ալթանի եւ Նազլը Ըլըջաքի համար առաջին ատյանի դատարանի որոշած ցմահ պատժաչափը։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, վճռաբեկ դատարանը բեկանման որոշման մեջ նշել է, որ Ահմեդ Ալթանը եւ Նազլը Ըլըջաքը ոչ թե Սահմանադրական կարգն են խախտել, այլ գիտակցաբար օգնել են գյուլենականներին։ Դատարանը, բեկանելով  Ահմեդ Ալթանի, Մեհմեդ Ալթանի եւ Նազկը Ըլըջաքի համար դատարանի սահմանած ցմահ պատժաչափը,  որոշել է ազատ արձակել Մեհմեդ Ալթանին, սակայն կալանքի տակ պահել Ահմեդ Ալթանին եւ Նազլը Ըլըջաքին։

Նշենք, որ թուրք մտավորականներ Մեհմեդ Ալթանը եւ Ահմեդ Ալթանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտնի գործիչներից են եւ մշտապես կոչ են արել իշխանություններին ճանաչել այն։

Նրանք ձերբակալվել էին հեղաշրջման փորձից հետո՝ մեղադրվելով սահմանադրական կարգի տապալման եւ գյուլենականներին օգնելու մեջ եւ դատապարտվել ցմահ ազատազրկման։