Ողբերգական վթարից 15 րոպե անց Արարատի ԲԿ է տեղափոխվել 11 վիրավոր, որոնք հիմնականում այրվածքներ են ունեցել. նրանցից 4 հիվանդ տեղափոխվել է այրվածքաբանական կենտրոն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արարատի ԲԿ-ի հերթապահ բժշկուհի Մարգարիտա Հովհաննիսյանը:

«Մեկ հիվանդ գանգուղեղային փակ տրավմայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն եւ մեկ երեխա տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Մեզ մոտ այս պահին մնացել է երկու հիվանդ. մեկը Նկուրյան Անդրանիկն է, որն ստացել է աջ սրունքի պատռած վերք եւ մարմնի տարբեր հատվածներում քերծվածքներ եւ 10-ամյա Նարե Գրիգորյանը, որի մարմնի տարբեր հատվածներում առկա են քերծվածքներ: Նրանց վիճակը կայուն է, լուրջ վնասվածքներ չկան»,-ասաց բժշկուհին:

Նա հավելեց, որ 2-րդ, 3-րդ աստիճանի լուրջ այրվածքներով հիվանդներ են եղել, որոնց մարմնի մեծ մակերես այրվել է. «Նրանք տեղափոխվել են Այրվածքաբանական կենտրոն, որոնց վիճակը տեղախոխելու պահին կայուն ծանր է: Կար աղջիկ  երեխա, որի մարմնի 50 տոկոսն ընդգրկող այրվածքներ ուներ՝ դեմքի, կրծքավանդակի, մեջքի շրջանով, վերին վերջույթներով,  ստորին վերջույթների որոշ հատվածներով»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արարատի մարզում դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արարատի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, և այն վերածվել է մոխրակույտի։

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարար ջոկատը 1 մարտական հաշվարկով, որոնք քաղաքացիների օգնությամբ մարել են «Գազել»-ում առաջացած հրդեհը, և այնտեղ հայտնաբերել են մոխրացած դիեր։ Վերջին տվյալներով զոհվել է 6, վիրավորվել 12 մարդ:

Դաժան վթար-հրդեհ Զոդի կամրջի վրա. բախումից հետո «Գազելի» մեջ հայտնաբերվել են մոխրացած դիեր․ կա 9 վիրավոր (ֆոտո)