Euronews-ը պատմել է Քութայիսում էլեկտրամոբիլների արտադրության գործարան հիմնելու Վրաստանի ծրագրերի մասին, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն: 

Մայիսի վերջին ձեռնարկության կառուցման մասին հուշագիր էին ստորագրել վրացական AiGroup հոլդինգն ու չինական Changan Automobile կոնսորցիումը: Կողմերը համաձայնել են կառուցումն ավարտել 24 ամսվա ընթացքում: Ակնկալվում է, որ Քութայիսում արտադրված էլեկտրամոբիլները շուկայում կհայտնվեն արդեն 2020 թվականին:

«Վրաստանը զարգացնում է տնտեսությունը, նոր էկոլոգիական տեխնոլոգիաներ է յուրացնում եւ մեծացնում արտադրանքը: Այդ խնդիրների լուծումը նպաստում է Քութայիսում նոր ձեռնարկության ստեղծմանը: Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքը կարեւոր արդյունաբերական, մշակութային եւ կրթական կենտրոն կդառնա: Այստեղ բացվում է տարածաշրջանում նման պրոֆիլի առաջին գործարանը»,- ասվում է Euronews-ի սյուժեում:

Հեռուստաալիքը նշում է, որ ծրագիրը հովանավորում են Վրաստանի իշխանությունները:

Հեռուստաալիքը մեջբերում է նաեւ Վրաստանի կառավարության անդամների խոսքը՝ նշելով, որ իշխանություններն այդ ծրագիրը դիտարկում են որպես առաջընթացի մասշտաբային ծրագրի մի մաս: