Արարատի մարզում՝ Զոդի կամրջի մոտ հուլիսի 6-ին տեղի ունեցած սարսափելի վթարից տուժած,  Երեւանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն տեղափոխված երեք քաղաքացիների վիճակը շարունակում է մնալ ծանր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Կարինե Բաբայանը:

Նա նշեց, որ 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը գտնվում է ծայրահեղ ծանր, իսկ 28-ամյա Գագիկ Ղուկասյանը եւ 35-ամյա Ռուզան Հակոբյանը ծանր վիճակում:

Նշենք, որ 20-ամյա Ծաղիկը երեկ վիրահատվել է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արարատի մարզում դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արարատի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, և այն վերածվել է մոխրակույտի։

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարար ջոկատը 1 մարտական հաշվարկով, որոնք քաղաքացիների օգնությամբ մարել են «Գազել»-ում առաջացած հրդեհը, և այնտեղ հայտնաբերել են մոխրացած դիեր։ Վերջին տվյալներով զոհվել է 6, վիրավորվել 13 մարդ: