«Տիեզերական սննդի լաբորատորիա» ընկերությունը կպատրաստի արաբական ազգային կերակրատեսակներ ԱՄԷ-ից առաջին տիեզերագնաց Հազա Ալ Մանսուրիի համար, որը կմեկնի Միջազգային տիեզերակայան սեպտեմբերի վերջում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: Ալ Մանսուրին այնտեղ կմեկնի սեպտեմբերի 25-ին «Սոյուզ ՄՍ-15» տիեզերանավով ռուս տիեզերագնաց Օլեգ Սկրիպոչկոյի եւ ամերիկացի տիեզերագնաց Ջեսիկա Մեիրի հետ: Իսկ 8 օր անց կվերադառնա «Սոյուզ ՄՍ-12» տիեզերանավով ռուս Ալեքսեյ Օվչինինի եւ ամերիկացի Նիք Հեյգի հետ:

Ալ Մանսուրիի համար «Տիեզերական սննդի լաբորատորիա»-ում կպատրաստեն «հալալ ուտեստներ»՝ մահմեդականների համար թույլատրելի սնունդ: Ցանկում կլինեն մահմեդական ուտեստներ ալյումինե տարաներով պահածոների տեսքով:

2018 թվականի հունիսին Ռոսկոսմոսն ու Մուհամեդ բեն Ռաշիդի անվան Տիեզերական կենտրոնը ստորագրել են համաձայնագիր ԱՄԷ-ից առաջին տիեզերագնացի՝ Միջազգային տիեզերակայան թռիչքի մասին: 2018 թվականի սեպտեմբերին մերձմոսկովյան Տիեզերագնացների պատրաստման կենտրոնում մեկնարկել էր ԱՄԷ-ից երկու թեկնածուներ ռազմական օդաչու Հազա Ալ Մանսուրիի եւ ցանցային ապահովության ինժեներ Սուլթան Ալ Նեյադիի վերապատրաստումը: