Բրիտանական հատուկջոկատայիններն օգնության են հասել աֆղանական ընտանիքին, որի ավտոմեքենան պայթեցվել էր ինքնաշեն ռումբի միջոցով: Էլիտար ստորաբաժանման զինվորները հրաժարվել են լքել ընտանիքին ու վեց ժամ շարունակ գիշերվա ընթացքում պայքարել են ԻՊ-ի ահաբեկիչների դեմ, հաղորդում է Daily Star-ը:

Բրիտանացի հատուկջոկատայիններն իրականացնում էին պարեկային ծառայություն Աֆղանստանի արեւելքում, երբ նրանք լսել են պայթյունի ձայնը:

Դեպքի վայր ժամանելով՝ նրանք հայտնաբերել են օգնության կարիք ունեցող ընտանիք: Պայթեցված մեքենայում զոհվել էր տղամարդը, իսկ փոքրիկ աղջիկը ստացել է ծանր վիրավորում: Զինվորականներից մեկը տիրապետում էր բժշկական գիտելիքների եւ օգնություն էր ցուցաբերել երեխային ու դադարեցրել արնահոսությունը:

Այնուհետեւ նրանց վրա հարձակվել են ԻՊ-ի ահաբեկիչները, եւ նրանց միակ առավելությունը գիշերային տեսանելիության սարքերն էին:

Պատմությունը բարեհաջող էր ավարտվել: Նրանց հաջողվել էր հաղթել ԻՊ-ի ահաբեկիչների հետ պայքարում, իսկ աղջիկն ապաքինվում է: