Գերմանիան դեռեւս զերծ կմնա Իրանի դեմ անհապաղ միջոցների սահմանումից եւ կսպասի ՄԱԳԱՏԷ-ի զեկույցին՝ Իրանի կողմից ուրանի հարստացման վերաբերյալ հայտարարության ֆոնին, հաղորդում է AP-ը:

Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռայներ Բրյոլը հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ն դեռեւս չի հրապարակել զեկույցը, սակայն հարցը կլուծվի մի քանի օրվա եւ ոչ թե շաբաթների ընթացքում:

Նրա խոսքով՝ երբ զեկույցը հասանելի լինի, Գերմանիան կուսումնասիրի այն եւ կքննարկի միջուկային համաձայնագրի մյուս մասնակիցների հետ՝ հետագա գործողությունների համար:

«Մեզ համար կարեւոր է Իրանի կողմից համաձայնագրի պահպանումը»,- նշել է նա: 

Թեհրանի պնդմամբ՝ իր որոշումը չի խախտում միջուկային համաձայնագիրը:    

Իրանում պնդում են, որ այդ քայլին են դիմել ԱՄՆ կողմից պատժամիջոցների խստացումից եւ համաձայնագրից դուրս գալուց հետո: Բացի այդ, Իրանում հայտարարում են, որ համաձայնագրի մյուս կողմերը՝ Գերմանիան, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան, չեն իրականացնում համաձայնագրով նախատեսված իրենց պարտավորությունները: