Թուրքական լիրան խիստ արժեզրկվել է երկուշաբթի՝ անհանգստություններ առաջացնելով երկրում հերթական ֆինանսական ցնցումների բռնկման առիթով այն բանից հետո, երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ազատեց Կենտրոնական բանկի կառավարչին տոկոսադրույքների իջեցման հետ կապված տարաձայնությունների պատճառով, տեղեկացնում է Reuters-ը։

Էրդողանը Մուրատ Ույսալին նշանակել է ԿԲ նոր ղեկավար։ Արդեն նախկին կառավարչի՝ Մուրատ Չեթինքայայի ազատման պատճառները պաշտոնապես չեն նշվել, բայց համաձայն թուրքական լրատվամիջոցների՝ Չեթինքայան ընդդիմացել է Էրդողանի ճնշմանը տոկոսադրույքների նվազեցման հարցում։

Սպասվում է, որ այդ քայլը, որն անհանգստացնում է ԿԲ անկախության առումով, կհանգեցնի տոկոսադրույքների նվազման առաջիկա շաբաթներին։

«Թուրքիայի Կենտրոնական բանկի ղեկավարի ազատումը մեծացնում է տոկոսադրույքների ագրեսիվ նվազման հնարավորություններն առաջիկայում»,- գրում է զարգացող շուկաների գծով ավագ տնտեսագետ Ջեյսոն Թուվին Capital Economics-ում։ «Բայց դա նաեւ բարձրացրել է  արժույթի ավելի զգալի անկման ռիսկը եւ, հավանաբար, կխորացնի գնաճի խնդիրը երկրում՝ ավելացնելով երկարատեւ փոխառությունների եկամտաբերությունը»։

Ավելի ցածր տոկոսադրույքները, որպես կանոն, թուլացնում են արժույթը, բայց խթանում տնտեսական աճ եւ գնաճ։ Վերջին տարիներին գնաճը խնդիր է եղել Թուրքիայի համար։

Թուրքական լիրան 3 տոկոսով արժեզրկվել է երկուշաբթի սակարկությունների սկզբում, մինչեւ որ վերականգնել է կորուստների մի մասը։ Լիրայի փոխարժեքը կազմել է մեկ դոլարը՝ 5,74 լիրա, ինչը 2 տոկոսով ցածր է անցած շաբաթվա վերջի ցուցանիշից։