Գործարար Սամվել Ալեքսանյանը «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում պարգեւատրվել է «Մանթաշյանց ասպետ» ոսկե շքանշանով: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի ծառայության ղեկավար Ռոզա Գրիգորյանը:

Շքանշանը Սամվել Ալեքսանյանին է հանձնել Կինեմատոգրաֆիստների միության նախագահ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր Հարություն Խաչատրյանը:

Հարություն Խաչատրյանը շեշտել է, որ Ալեքսանդր Մանթաշյանը մեծանուն բարերար է եղել, որը միշտ աջակցել է մշակույթին եւ եղել մշակույթի մեծ սիրահար։

«Սամվել Ալեքսանյանը վերջին 7 տարիներին միշտ աջակցել է «Ոսկե ծիրան» փառատոնին, եղել միջազգային կինոիրադարձության կողքին: Այս տարի փառատոնը, ինչպես գիտենք, դժվար իրավիճակում էր՝ ֆինանսական առումով, որովհետեւ փառատոնի բյուջեն կրճատվել էր: Եվ այս տարի եւս Սամվել Ալեքսանյանը մեզ աջակցել է ու, իսկապես, ինքն այն մարդ է, որ արժանի էր այդ պարգեւին»,–նշեց Ռոզա Գրիգորյանը։