Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանն իր որոշումն ասել է, այսօր կա Սահմանադրություն, կա կարգ, ըստ Սահմանադրության, ըստ օրենքի պետք է լինի։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահի շուրջ ծավալվող իրադարձություններին։

Հարցին՝ երկրում սահմանադրական ճգնաժամ ինքը չի՞ նկատում, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Ոչ մի բան էլ չենք նկատում, ոչ մի բան էլ չկա, մարդիկ չպետք է քնեն, հելնեն, ամեն մեկը մի հատ եզրակացություն ասի, մի հատ միտք ասի ու ամբողջ բանն էդ ուղղությամբ գնա, ես նորից եմ ասում՝ ըստ կարգի, ըստ օրենքի»։

Ազգային ժողովում Վահե Գրիգորյանի նամակի քննարկումների մասին հարցին նա արձագանքեց. «Մեզ այդ մասին չեն ասել, մենք դեռ չենք քննարկել»։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամի հետ կապված Վահե Գրիգորյանը նամակով դիմել էր Սահմանադրական դատարանի անդամներին, Ազգային ժողովին, ՀՀ նախագահին, Կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին։