7.1 մագնիտուդով երկրաշարժը, որը տեղի ունեցավ ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում անցած ուրբաթ, Երկրի մակերեսին ստեղծել է ճեղք, որը երեւում է տիեզերքից, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով SFGATE պորտալին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ բեկվածքը, որն առաջ է եկել ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնից ոչ հեռու, երեւում է Planet Labs ընկերության արբանյակային նկարներից։ Բացի այդ, տեղանքի փոփոխության մասին են վկայում կալիֆոռնիական ճանապարհներին առաջացած ճեղքերը։ Այս առնչությամբ ներկայում փակ է ավտոմայրուղիներից մեկը, կատարվում են նորոգման աշխատանքներ, նշում է հեռուստաալիքը։

7.1 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել ուրբաթ Կալիֆոռնիայի հարավում, այն մեկ շաբաթում երկրորդ ուժեղ երկրաշարժն էր նահանգի հարավում։ Դրա հետեւանքով մոտ 200 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության, մի քանի մարդ տուժել է։ Հինգշաբթի 6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ռիջքրեսթ քաղաքից 18 կիլոմետր հյուսիս-արեւելք։