Երրորդ երկրներից ավտոմեքենաների ներմուծման դեպքում մաքսատուրքերը չբարձրացնելու վերաբերյալ քննարկումներ գնում են, բայց ես չէի ասի, որ դրանք շատ ակտիվ են: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Երբ մենք ԵՏՄ անդամ էինք դառնում, մենք շուրջ 800 անուն ապրանքատեսակների գծով վերցրել ենք որոշակի բացառումներ, որոնք աստիճանաբար սպառում ենք մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը: Ավտոմեքենաների հերթը 2020 թվականի հունվարի 1-ն է: Մենք նախապես բանակցել ենք եւ 5 տարով հետաձգել ենք: Հիմա նորից պետք է բանակցենք էլի որոշ ժամանակով հետաձգելու համար: Այդպիսի տրամադրվածություն կա կառավարությունում, բայց ես չգիտեմ՝ դա հաջողությամբ կպսակվի, թե ոչ: Ես այդ քննարկումներին չեմ մասնակցում»,-ասաց Անանյանը:

Նա նշեց, որ 2020 թվականի հունվարի 1-ից մեքենաների մաքսատուրքը 10 տոկոսից բարձրանում է մինչեւ 48 տոկոս. «Մեքենաների մաքսատուրքը սանդղակային է, հստակ սահմանված չէ»:

ՊԵԿ նախագահը նկատեց, որ ֆիսկալ առումով Ռուսաստանի համար ձեռնտու չէ, որ մաքսատուրքը չբարձրանա. «Մենք մաքսատուրքերի ընդհանուր ծավալից 1,22 տոկոսն ենք բերում որպես մեր երկրի եկամուտ, Ռուսաստանին գնում է ավելի քան 80 տոկոսը: Ցանկացած բացառություն, որ մենք անում ենք, ընդհանուր մեջ իր մասնակցության չափով Ռուսաստանը կորուստ է կրում»: