Ոստիկանության աշխատակիցները հուլիսի 8-ին, ոստիկանության Մասիսի բաժին բերման են ենթարկել Երեւանի բնակիչ 29-ամյա Հակոբ Դ․-ին։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վերջինս կասկածվում է Մասիս քաղաքի «Նոյան» հարսանյաց հանդիսությունների սրահի բակում խուլիգանություն կատարելու մեջ։

Աղբյուրի տեղեկություններով՝ Հակոբ Դ․-ն իրեն պատկանող մեկ փողանի ողորկափող որսորդական հրացանից մի քանի անգամ կրակոցներ է արձակել հանդիսություների սրահի բակում։ Նա եղել է Toyota Camry մակնիշի 88 SZ 880 համարանիշի ավտոմեքենայով։ Հրացանը եղել է ավտոմեքենայի մեջ։

Ավտոմեքենան նույնպես տեղափոխվել է Ոստիկանության Մասիսի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Փաստի առթիվ Ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Հրացանը հետաքննիչի որոշմամբ ուղարկվել է փորձաքննության։ Աղբյուրի տեղեկություններով՝ Հակոբ Դ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Մետաքս գոլդ» ՍՊԸ-ում՝ որպես անվտանգության պետ։