Իրանի միջուկային համաձայնագրի եվրոպական կողմերը «խորին անհանգստություն» են հայտնել՝ կապված Իրանի կողմից ուրանի հարստացման գործընթացի մեկնարկի հետ եւ բոլոր մասնակիցների շտապ հանդիպման կոչ արել, հաղորդում է AP-ը:

Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Եվրամիության համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ Իրանը չի կատարում իր պարտավորությունները: Եվրոպացիներն ասում են, որ Իրանը պետք է կատարի իր պարտավորությունները համապատասխան կերպով եւ վերադառնա համաձայնագրի պահպանմանը: Նրանք նշել են, որ պետք է շտապ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հանձնաժողովի (ներառվել են Ռուսաստանն ու Չինաստանը) նիստ հրավիրել:     

Նշենք, որ Իրանն ավելի վաղ հայտարարում էր, որ հուլիսի 7-ից կբարձրացնի ուրանի հարստացման մակարդակը միջուկային համաձայնագրով նախատեսվածից բարձր։ Թեհրանի հավաստմամբ, դա համաձայնագրի խախտում չէ, քանի որ նախատեսված է պայմանագրի որոշակի դրույթներով։ Իրանը դիմել է այս քայլին ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների խստացումից հետո, որը դուրս է եկել համաձայնագրից այս տարվա մայիսից։ Բացի այդ, Իրանը հայտարարում է, որ համաձայնագրի մյուս կողմերը, մասնավորապես՝ Գերմանիան, Բրիտանիան եւ Ֆրանսիան, չեն կատարում համաձայնագրի իրենց պարտավորությունները։