Արարատի մարզի Արմաշ գյուղում այսօր՝ հուլիսի 9-ին, հողին հանձնեցին նույն մարզի Զոդի կամրջի մոտ հուլիսի 6–ին տեղի ունեցած սարսափելի վթարի հետևանքով մահացած Անահիտին և նրա թոռանը՝  15–ամյա Գայանեին։

Հուղարկավորությանը ներկաները NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին, որ 15-ամյա Գայանեն որոշել էր դպրոցն ավարտելուց հետո դառնալ մանկավարժ եւ Արմաշի դպրոցում ուսուցչուհի աշխատել։

Գայանեն մոր հետ Երևանից նոր էր տեղափոխվել Արմաշ՝ տատիկի տուն։ Փոխտնօրենի խոսքով՝ դժվարությամբ, բայց հարմարվել էր միջավայրին. «Շատ սիրուն աղջիկ էր, հարգանքով էր շատ, բայց եղավ այն, ինչ չպետք է լիներ»։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա բախվել են «Toyota», «ՎԱԶ-2106» եւ «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները:

Պատահարի հետեւանքով մահացել է 6 քաղաքացի, 13 հոգի տուժել է։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:

«Toyota»-ի վարորդը  Սողոմոն Հակոբյանը ձերբակալվել է: Նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):