Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության մասին պայմանագրերը Ֆրանսիայի իշխանությունների «նշանառության տակ են», գրում է Le Monde պարբերականը: Հոդվածի թարգմանությունը ներկայացնում է InoSMI-ն: 

Մի կողմից Ֆրանսիայի ազդեցիկ հայկական սփյուռքն է (մոտ 600 000 մարդ՝ ըստ հայկական գործի պաշտպանության կոմիտեի տվյալների), մյուս կողմից՝ Ֆրանսիայի համար կարեւոր գործընկերը՝ Ադրբեջանը, որը էնեգետիկ ռեսուրսներ ունի: Բացի այդ, Ադրբեջանը Ֆրանսիայի համար տարածաշրջանում կարեւոր դիվանագիտական գործընկեր է՝ չնայած նրան, որ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, պետք է չեզոք դիրք զբաղեցնի:

Այդ պատճառով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որին փետրվարի 5-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հրավիրեց ընթրիքի, կոշտ դիրքորոշում արտահայտեց բարեկամության մասին համաձայնագրի առնչությամբ:  

«Դա հավասար չափով իրավաբանական պարտավորություն եւ սկզբունքային հարց է: Մենք չենք կարող ճանաչել ֆրանսիական մունցիպալիտետների եւ Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների պայմանագրերը»,- այդ ժամանակ բացատրել է նախագահը:

Այդ կոշտ դիրքորոշումը կոչված էր ցրել բարեկամության մասին համաձայնագրի շուրջ ստեղծված խավարը:

2017 թվականի փետրվարին Ֆրանսիայի եւ Ադրբեջանի քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների հարցերով Ազգային ժողովի տեղեկատվական հանձնաժողովի հրապարակած զեկույցում նշվում է «տարածքային ձեւավորումների օրենսդիր մարմինների գործողությունների եւ քաղաքական հայտարարությունների» միջեւ սահմանագիծը: Եզրակացություն է արվել, որ «մունցիպալիտետներին արգելված չէ բարեկամության մասին համաձայնագիր ստորագրել, նույնիսկ Լեռնային Ղարաբաղի համայնքի հետ, եթե դա օրենսդիր մարմինների որոշում չի համարվում»:    

Բարեկամության մասին համաձայնագրերը պետք է ստուգո՞ւմ անցնեն: Անցած տարվա նոյեմբերի 22-ին նման հարց է ուղղել Օ-դե-Սենի սենատոր Պիեր Ուզուլիան ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաներին:

«Ցավոք, ես իրավասու չեմ իրավաբանորեն հիմնավորված պատասխան տալ»,- շփոթված ասել է նախարարը:

Դրոմ եւ Վալ-դ՛Ուազ դեպարտամենտներում մի քանի համայնքներում համաձայնագրերը չեղարկվել են: Վերջին որոշումը կայացվել էր մայիսի 29-ին Սերժի-Պոնտուազի վարչական դատարանի կողմից եւ վերաբերում էր բարեկամության մասին համաձայնագրին, որն անցած տարի հոկտեմբերի 22-ին ստորագրել էին Արնուվիլի եւ Շեխերի քաղաքապետերը:

«Մենք վաղեմի հարաբերություններ ունենք հայ համայնքի հետ, որի առաջին ներկայացուցիչները հայտնվել են քաղաքում 1920-ական թվականներին: Բարեկամության մասին համաձայնագրի ստորագրումը բնական է: Ցավոք, Ֆրանսիան այդ հարցով կոշտ դիրքորոշում է զբաղեցրել: Մենք կբողոքարկենք որոշումը»,- ասում է Արնուվիլի քաղաքապետ Պասկալ Դոլլը:   

Բուր-դե-Պաեժի քաղաքապետ Նատալի Նյեզոնը մտադիր չէ բողոքարկել Մարտունիի հետ բարեկամության մասին համաձայնագրի չեղարկման որոշումը, քանի որ չի ցանկանում, որ դա «պայքարի» վերածվի:

«Դա մեզ չի խանգարում բարեկամական կապեր պահել»,- ասում է Նյեզոնը:

«Լեռնային Ղարաբաղի հետ համաձայնագրի նկատմամբ հատուկ վերաբերմունք կա, որը կասկած է հարուցում՝ կապված ֆրանս-ադրբեջանական կապերի հետ»,- իր հերթին նշում է հայկական գործի պաշտպանության կոմիտեի ղեկավար Ժյուլ Բոյաջյանը: Նա հիշեցնում է պաղեստինյան համայնքների հետ ֆրանսիական քաղաքների համաձայնագրերի մասին:

«Հուսով եմ՝ առողջ միտքը կհաղթի»,- նշում է Պասկալ Դոլլը: