«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով կալանքի տակ գտնվող Արմեն Բիլյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանն այսօրվա դատական նիստում միջնորդեց փոխել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը և նրա նկատմամբ սահմանել անազատության հետ կապ չունեցող այլ խափանման միջոց։

Փոստանջյանի խոսքով՝ իր պաշտպանյալը երեք տարի է գտնվում է նախնական կալանքի տակ, ինչն ըստ նրա՝ ողջամիտ ժամկետի խախտում է։

«Առաջին փուլի՝ նախաքննության համար նախատեսվում է մեկ տարի ողջամիտ ժամկետ, սակայն իմ պաշտպանյալը երեք տարի է գտնվում է կալանքի տակ, միջնորդում եմ քննարկել Արմեն Բիլյանի նախնական կալանքի փոփոխության հարցը»,–հայտարարեց նա։

Զարուհի Փոստանջյանը, որպես այլընտրանքային խափանման միջոց առաջարկեց գրավի կիրառումը՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը։

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց ներկայացված միջնորդության դեմ, նշելով, որ այն ենթակա է առանց քննության թոնելու։

Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանն էլ արձանագրեց, որ ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանի բացակայությամբ դատական նիսետը չի կարող շարունակվել, հետևաբար չի կարող քննվել նաև Բիլյանի խափանման միջոցի հարցը։

Նշենք, որ Մխիթար Ավետիսյանը վերջերս վիրահատության է ենթարկվել և չի ներկայացել այսօրվա դատական նիստին։

Այսպիսով այսօրվա դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հուլիսի 24 –ին։

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ: