Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը հանդիպում է ունեցել Առաջնորդության դպրոցի համայնքի շրջանավարտների հետ` գործարար նախաճաշի ձեւաչափով։

Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկի ղեկավարը նախաճաշի ընթացքում կիսվել է արդյունավետ կորպորատիվ մշակույթի եւ նորարար բիզնես մոդելների վերաբերյալ իր մտքերով ու գործնական վերլուծություններով։

«21-րդ դարում բիզնեսը չի կարող հասնել հաջողության, եթե  լինի անդեմ կորպորացիա, այն պետք է ունենա իր կերպարը եւ ճանաչելի լինի իր «բնավորությամբ»: Հենց դրա համար են միջազգային մեծ ընկերություններն այդքան ուշադիր իրենց կորպորատիվ մշակույթի նկատմամբ, եւ այդ մշակույթն են դնում թե՛ իրենց բիզնես մոդելի, թե՛ կադրային քաղաքականության հիմքում», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Առաջնորդության դպրոցը կարեւորում է գործնական բիզնես գիտելիքների եւ փորձառության փոխանցումն ապագայամետ երիտասարդներին։ Վստահ ենք, որ ոչ ստանդարտ ձեւաչափով հանդիպումը Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկի  առաջնորդը հանդիսացող պարոն Պյատախինի հետ ու ծանոթությունը ապագայամետ բիզնեսի վերաբերյալ նրա հայացքների եւ տարբեր մասնագիտություններ, երկրներ ու պաշտոններ ներառող փորձառության հետ արժեքավոր ազդեցություն կունենա մասնակիցների ապագա ծրագրերի եւ մտահորիզոնների ընդլայնման գործում», – նշեց «Առաջնորդության դպրոց» Հիմնադրամի խորհրդի նախագահ Սամվել Մովսիսյանը:

Նշենք, որ գործարար նախաճաշը տեղի ունեցավ Beeline եւ «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի համագործակցության շրջանակներում: