Անձամբ ես եւ մեր պատվիրակության որեւէ անդամ ոչինչ չենք քննարկել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ։ Այս մասին այսօր ԱԺ-ում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ մեկնաբանելով Արմեն Աշոտյանի հայտարարությունն այն մասին, որ ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության հաջողությունները որոշակի չափով պայմանավորված են ՀՀԿ-ի դրական դերով եւ անմիջական մասնակցությամբ։

Ընդ որում, Կոնջորյանը նշել է, որ իրենք փորձել են կապ հաստատել ՀՀԿ որոշ ներկայացուցիչների հետ, սակայն դա  չի հաջողվել։ Պատգամավորը նկատել է, որ ՀՀԿ-ն որոշակի փորձ եւ տեղեկություն ունի միջազգային տարբեր հարթակներում, այդ պատճառով իրենք փորձել են որեւէ օգտակար խորհուրդ ստանալ, որը կնպաստեր տվյալ հարթակներում ՀՀ շահերն առաջ մղելուն։

Միեւնույն ժամանակ, Կոնջորյանը նկատել է, որ Լյուքսեմբուրգում ամառային նստաշրջանի անցկացման ժամանակ Հայաստանի հետ բարեկամական պատվիրակությունների եւ ոչ մեկը չի մոտեցել իրեն՝ համագործակցության հետագա շարունակման առաջարկով, ինչը «վկայում է նախկին իշխանությունների գործունեության որակի մասին»։

Կոնջորյանն ընդգծել է, որ կաշխատեն ամուր եւ մշտական կապերի ձեւավորման ուղղությամբ։    

Պատգամավորը չի մեկնաբանել ՀՀԿ աշխատանքը՝ հայտարարելով միայն, որ ոչ մի կերպ չի փորձում պնդել, թե տվալ ոլորտում նախկին իշխանությունները բացարձակ որեւէ աշխատանք չեն կատարել։