ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իրանի կողմից միջուկային գործարքի խախտումը «շորթման փորձ» է եւ Թեհրանին զգուշացրել է, որ ինքն իրեն մեկուսացնում է, հաղորդում է Reuters-ը։

«Իրանը հիմքեր չունի իր միջուկային ծրագրի ընդլայնման համար, եւ այդ գործողությունները ոչ այլ ինչ են, քան միջազգային հանրությունից միջոցներ շորթելու կոպիտ եւ թափանցիկ փորձ։ Իրանին կոչ ենք անում հրաժարվել այդ քայլերից։ Միացյալ Նահանգները հստակ հասկացնել է տվել, որ բաց է առանց նախապայմանների բանակցությունների համար եւ որ Իրանին իրավիճակի լիարժեք կարգավորման հնարավորություն է առաջարկում»,- ասվում է ԱՄՆ հայտարարության մեջ։   

Նշենք, որ Իրանն ավելի վաղ հայտարարել է, որ հուլիսի 7-ից կբարձրացնի ուրանի հարստացման մակարդակը միջուկային համաձայնագրով նախատեսվածից բարձր։ Թեհրանի հավաստմամբ, դա համաձայնագրի խախտում չէ, քանի որ նախատեսված է պայմանագրի որոշակի դրույթներով։ Իրանը դիմել է այս քայլին ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների խստացումից հետո, որը դուրս է եկել համաձայնագրից այս տարվա մայիսից։ Բացի այդ, Իրանը հայտարարում է, որ համաձայնագրի մյուս կողմերը, մասնավորապես՝ Գերմանիան, Բրիտանիան եւ Ֆրանսիան, չեն կատարում համաձայնագրի իրենց պարտավորությունները։