Հայերի հետ տեղի ունեցած սարսափելի ողբերգությունը 20-րդ դարի եւ մարդկության պատմության մեջ մտածված սպանության ամենամեծ ակտերից մեկն է։ Այս մասին այսօր Իսրայելի անկախության օրվա պատվին ընդունելության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպան Էլիավ Բելոցերկովսկին։ Նրա խոսքով՝ հրեաները, ինչպես նաեւ Իսրայելում բնակվող բոլոր մարդիկ դեմ են դրան։

«Դա քննարկվել է մեր խորհրդարանում, տեսնենք, թե ինչ կլինի հետագայում»,– ասել է դեսպան՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելը մինչ այժմ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը։  

Հարցին, թե ինչու չի օգտագործում ցեղասպանություն բառը, դեսպանն ասել է.

«Հարցը այս կամ այն բառը փնտրելը չէ։ Անհրաժեշտ է ուսումնասիրել պատմությունը, իրադարձությունները, որպեսզի նման ողբերգություններ չկրկնվեն»։