Եկատերինբուրգում ընթացող Արտադրության եւ արդյունաբերության գլոբալ գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպում է ունեցել Սվերդլովսկի մարզպետի առաջին տեղակալ Ալեքսեյ Օրլովի հետ։ Կողմերը քննարկել են Սվերդլովսկի մարզի եւ Հայաստանի միջեւ համագործակցության զարգացման հեռանկարները:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տիգրան Խաչատրյանը նշել է. «Շատ ուրախ եմ արձանագրելու, որ Հայաստանի եւ Սվերդլովսկի մարզի միջեւ առեւտրաշրջանառությունը աճում է: Այս հարաբերությունների հետագա զարգացումն, անշուշտ, կնպաստի մեր միջեւ համագործակցության խորացմանը, եւ մենք կկարողանանք օգտագործել ունեցած ներուժը»:

Նա առաջարկել է կազմակերպել հանդիպում Հայաստանի եւ Սվերդլովսկի մարզի գործարար համայնքի ներկայացուցիչների համար, ինչպես նաեւ զարգացնել փոխգործակցությունը զբոսաշրջության ոլորտում:

«Հաշվի առնելով մեր մարզի արտադրական ներուժը եւ Հայաստանի շուկայի հնարավորությունները՝ մենք զգալի հեռանկարներ ենք տեսնում Սվերդլովսկի  եւ Հայաստանի ձեռնարկությունների փոխշահավետ համագործակցության զարգացման համար, մասնավորապես՝ տրանսպորտի, մեքենաշինության եւ սարքաշինության ոլորտներում», - իր խոսքում նշել է Ալեքսեյ Օրլովը:

Առեւտրաշրջանառության ծավալների աճի դրական միտումների պահպանման, համատեղ հումանիտար եւ գիտատեխնիկական ծրագրերի մշակման եւ իրականացման նպատակով, Սվերդլովսկի մարզի կառավարությունն առաջարկել է քննարկել երկարամյա համագործակցության վերաբերյալ համաձայնագրի թարմացման ստորագրման հնարավորությունը։

Ընդհանուր գործակցության հիմքերի ամրապնդման տեսանկյունից կողմերը առանձնահատուկ կարեւորել են մարզերի միջեւ կապերի սերտացման անհրաժեշտությունը։