Վիեննայում միջազգային կազմակերպություններին կից Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբ Աբադին ասել է, որ ԱՄՆ-ը չի հասել ցանկալի արդյունքների Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ԱԷՄԳ) Կառավարիչների խորհրդի հատուկ նստաշրջանում՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պայմաններին հետեւելու հարցում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով IRNA-ին։

Մշտական ներկայացուցչի խոսքով՝ ԱՄՆ-ը ցանկանում էր հրավիրել արտահերթ նիստ Իրանի կողմից ԳՀՀԾ-ի կատարման հարցով, բայց երկրների մեծ մասը կողմնակից չի եղել այդ առաջարկին։ «Երկրները միաձայն դատապարտել են ԱՄՆ դուրս գալը ԳՀՀԾ-ից եւ նշել, որ նման հանդիպումը համաձայնագրի դրույթների քննարկման վայր չէ։ Այդ հարցը պետք է լուծվի «5+1» խմբի նիստում»,- ասել է նա։

Իրանի ներկայացուցիչը նաեւ ասել է, որ «հատուկ նստաշրջանում ԱՄՆ-ը մեկուսացման մեջ է եղել եւ չի կարողացել ստանալ այն, ինչին ձգտում էր»։

«Միացյալ Նահանգները մտադիր էր օգտագործել հանդիպումը իր քաղաքական շահերն առաջ տանելու, Իրանին դիմակայելու համար, բայց դա նրան չհաջողվեց»,- ասել է Քազեմ Ղարիբ Աբադին։

Վիեննայում հունիսի 10-ին տեղի էր ունեցել ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի հատուկ նիստը՝ Իրանի միջուկային գործի շուրջ իրադարձությունների զարգացման թեմայով։ Նստաշրջանի անցկացման հայցադիմում ներկայացրել էր Վիեննայում միջազգային կազմակերպություններում ԱՄՆ մշտական ներկայացուցչությունը, որը համոզված է, որ միջազգային հանրությունը պետք է պատասխանատվության կանչի Իրանի իշխանություններին միջուկային համաձայնագրի առումով կատարած քայլերի համար։ Հուլիսի 8-ին ԱԷՄԳ-ն հաստատեց, որ Իրանը գերազանցել է ուրանի հարստացման մակարդակը 3,67 տոկոսից, ինչը սահմանափակված էր միջուկային գործարքով։ Հուլիսի 1-ին ԱԷՄԳ-ում տեղեկացրել են, որ Իրանը գերազանցել է ցածր մակարդակով հարստացված ուրանի 300 կգ  պաշարների շեմը, ինչը թույլատրված էր միջուկային գործարքով (ԳՀՀԾ)։ Գործակալության գլխավոր տնօրենը զեկուցել է Կառավարիչների խորհրդին Իրանի իշխանությունների յուրաքանչյուր քայլի մասին։

ԳՀՀԾ-ն Իրանը կնքել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամների (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) եւ Գերմանիայի հետ 2015-ին։ Գործարքը սահմանափակում էր Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ պատժամիջոցների եւ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միակողմանի սահմանափակիչ միջոցների չեղարկման դիմաց։ Իրանն այն ժամանակ պարտավորվել էր 15 տարվա ընթացքում չհարստացնել ուրանը 3,67 տոկոսից ավելի եւ հարստացված ուրանի պաշարները պահել 300 կիլոգրամը չգերազանցող մակարդակին, ինչպես նաեւ ծանր ջրով հավելյալ ռեակտորներ չստեղծել, չկուտակել ծանր ջուր եւ չզբաղվել միջուկային պայթուցիկ սարքի սեղծմամբ։