Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 11-ի նիստում որոշում կայացրեց հետաձգել տեսչական մարմիններին 91 ծառայողական մեքենա հատկացնելու որոշման նախագծի քննարկումը: Բանն այն է, որ որոշման մեջ նշվում է, որ այդ տեսչական մարմիններում ամեն մի վարչություն պետք է ունենա ծառայողական մեքենա, ինչը նշանակում է, որ ըստ էության այդ մեքենաները լինելու են վարչության պետին կցված: Վարչապետ Փաշինյանն առաջարկեց նախագիծը հանել օրակարգից եւ նորից քննարկել, որպեսզի ավտոմեքենաները կցվեն ողջ տեսչությանը եւ օգտագործի նա, ում այն պետք է:

Նշենք, որ ծառայողական մեքենաների այս թիվը բաշխվելու էր հետեւյալ տեսչական մարմինների միջեւ․

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին սպասարկելու համար՝ 31 ծառայողական ավտոմեքենա,

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին սպասարկելու համար՝ 10 ծառայողական ավտոմեքենա,

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնին սպասարկելու համար՝ 30 ծառայողական ավտոմեքենա,

Կրթության տեսչական մարմնին սպասարկելու համար՝ 3 ծառայողական ավտոմեքենա,

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին սպասարկելու համար՝ 3 ծառայողական ավտոմեքենա,

Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնին սպասարկելու համար՝ 14 ծառայողական ավտոմեքենա:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Տեսչական մարմինների աշխատանքների բնականոն ընթացքը ապահովելու, օրենքով իրեն վերապահված գործառույթների իրականացումը պատշաճ եւ ամբողջական իրականացնելու նպատակով նախագծով առաջարկվում է ՏՄ-ների համար սահմանել ավտոմեքենաների քանակը, որտեղ 1-ական ավտոմեքենա նախատեսվում է որպես պաշտոնատար անձանց ծառայողական ավտոմեքենա՝ ՏՄ-ների ղեկավարների համար, իսկ մնացած ավտոմեքենաները՝ որպես ՏՄ-ներին սպասարկող ծառայողական ավտոմեքենաներ:

Տեսչական մարմինների կառուցվածքում ընգրկված են թե՛ կառուցվածքային,  թե՛ տարածքային ստորաբաժանումներ, եւ մեքենաները բաշխվելու են ըստ վերջիններիս՝ համապատասխան ստուգումներ եւ վարչական վարույթներ, ինչպես նաեւ մարմններին վերապահված այլ գործողություններ իրականացնելու նպատակով:

Մեկական ավտոմեքենա նախատեսվում է տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաեւ մարմինների հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների համար՝ պայմանավորված տեսչական մարմինների կողմից ստուգումների եւ գործունեության տարեկան ծրագրերով նախատեսվող ստուգումների եւ այլ գործառույթների ապահովման անհրաժեշտությամբ:

Միաժամանակ, տեսչական մարմինների շահերը դատարաններում ապահովելու նպատակով՝ ՀՀ ողջ տարածքով դատական գործերին ներկայացուցչություն ապահովելու անհրաժեշտություն է առաջանում, որը վերապահված չէ տեսչական մարմինների տարածքային ստորաբաժանումներին, այլ այդ մարմինների իրավական աջակցությունը ապահովող համապատասխան ստորաբաժանման աշխատակիցներին:

Իրավական կարգավորման բացակայության հետեւանքով ՏՄ-ներին անհրաժեշտ քանակությամբ տրանսպորտային միջոցներ ամրացնելու գործընթացը չի իրականանում, որը բացասաբար է անդրադառնում տեսչական մարմինների կողմից իրականացվող կանխարգելիչ եւ վերահսկողական գործունեության պատշաճ եւ ամբողջական իրականացման վրա: