Մեծ Բրիտանիան ձգտում է սրել Իրանի հետ հարաբերությունները՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մեղադրելով Հորմուզի նեղուցում բրիտանական լցանավը կալանելու փորձին մասնակցության մեջ: Հինգշաբթի այսպիսի կարծիք է հայտնել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Իրանին ուղղած Մեծ Բրիտանիայի մեղադրանքները հիմնազուրկ են,- Զարիֆի խոսքն է մեջբերել ISNA-ն: - Նրանք հայտարարություններ են կատարում՝ հարաբերությունները սրելու համար»:

Չորեքշաբթի CNN հեռուստաալիքը, հղում կատարելով ԱՄՆ աշխատակազմին, տեղեկացրել էր, որ հինգ մոտորանավ, որոնք կարող էին պատկանել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, փորձել են կանգնեցնել բրիտանական լցանավը Հորմուզի նեղուցում։ Նրանց տվյալներով՝ լցանավը հեռացել էր Պարսից ծոցից, երբ նրան էին մոտեցել մոտորանավերը։ Նավի անձնակազմին հրամայվել է փոխել ուղղությունը եւ կանգ առնել Իրանի տարածքային ջրերում։ Լցանավը, CNN-ի տվյալներով, ուղեկցվել է Մեծ Բրիտանիայի ՌԾՈւ «Մոնթռոուզ» ֆրեգատի կողմից։ Նրա անձնակազմը պնդել է, որ մոտորանավերն անհապաղ շրջվեն եւ թողնեն, որ նավն անցնի։

Ինչպես հինգշաբթի տեղեկացրել է Reuters գործակալությունը, Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ իրանական մոտորանավերը փորձել են կանգնեցնել բրիտանական առեւտրային նավը Հորմուզի նեղուցում։ Գերատեսչության տվյալներով՝ միջադեպին մասնակցել է իրանական երեք, այլ ոչ թե հինգ մոտորանավ։

ԻՀՊԿ մամուլի ծառայությունը ժխտում է իր մասնակցությունը Հորմուզի նեղուցի միջադեպին։