Պետք է ասեմ, որ հիասթափված եմ մեր խորհրդարանական դիվանագիտությամբ: Այս մասին հուլիսի 11-ին ԱԺ-ում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ ամփոփելով Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների եւ հարցերի մշտական հանձնաժողովի հետ ԱԺ արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովի համատեղ աշխատանքի արդյունքները, որ անցկացվել էր Վարշավայում:

Նա, մասնավորապես, նշեց, որ Եվրամիության առանձին երկրների հետ աշխատանքն անցկացվում է անբավարար մակարդակում: «Լեհաստանը դրա ցայտուն օրինակն է: Մենք նրանց հետ չենք աշխատել այնպես, ինչպես պետք է»,- շեշտեց Բաբաջանյանը:

Պատգամավորը նշեց, որ 2013 թվականից հետո, երբ Հայաստանը հրաժարվեց վավերացնել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, Բրյուսելը զգալիորեն թուլացրեց Երեւանի հետ աշխատանքի թափն ու դինամիկան: Նրա գնահատմամբ՝ այս գործընթացը դեռեւս ընթանում է, եւ Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ համագործակցությունը շարունակում է անկում ապրել, ինչը չի կարող որոշակի մտահոգություն չհարուցել:

Պատգամավորը ներկայացրեց վերջերս Լեհաստան այցի հետ կապված իր տպավորությունները: «Ես տպավորված էի համատեղ նիստի որոշ դրվագներով: Այսպես, օրինակ, ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, թե լեհերը տեղյակ չեն այն մասին, որ Հայաստանում իշխանափոխություն է կատարվել, եւ նրանք շարունակում էին ի դեմս մեզ մարդկանց տեսնել, որոնք ուղղակի կապ ունեն նախորդ իշխանությունների հետ»,- դժգոհեց Արման Բաբաջանյանը՝ հավելելով, որ դրա մեջ նրանք մեղքի բաժին չունեն, եւ որ դրա համար պտք է պատասխանատվություն կրեն Հայաստանի ներկայիս իշխանությունները՝ ի դեմս երկրի Ազգային ժողովի եւ ԱԳՆ-ի:

Խորհրդարանականը նաեւ ընդգծեց, որ իր կարծիքով՝ լեհերը չեն շտապում ազատականացնել Հայաստանի հետ վիզային ռեժիմը: