Նվազագույն աշխատավարձի բարձրացման համար թե որքան լրացուցիչ միջոցների կարիք կլինի, կախված կլինի ընդունվող օրենքից։ Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով հարցին, թե լրացուցիչ որքան գումար է պետք նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից 68 հազար դրամ դարձնելու համար, արդյոք շուրջ 69 մլրդ դրամ լրացուցիչ գումար է անհրաժեշտ, որպեսզի բարձրացվի նվազագույն աշխատավարձը։

 «Շատ էական կախվածություն ունի այդ հարցի պատասխանը նրանից, թե ինչ բովանդակությամբ կընդունվի օրենքը, այսինքն՝ ինչպիսին կլինի փոփոխությունը, քանի որ նվազագույն աշխատավարձից կախված է բազային աշխատավարձը, հիմնական աշխատավարձը, որն իր արտացոլումը գտնում է պետական պաշտոնների զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքով այդ գործակիցներով հիմնական աշխատավարձի հաշվարկման ժամանակ։

Բայց եթե հիշում եք՝ կառավարության նիստում քննարկման ժամանակ էլ նշվել է, որ չի ենթադրում, որ սա ազդելու է պետական պաշտոնյաների հիմնական աշխատավարձի վրա։ Ինչ լրացուցիչ միջոցների կարիք կլինի, կախված կլինի ընդունվող օրենքից»,–նշեց նա։

Իսկ կենսաթոշակի համար լրացուցիչ միջոցների գնահատված չափը, ֆինանսների նախարարի խոսքով,  25 միլիարդ դրամ է, որը կվերջնականացնի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը. «Բյուջեն այլ աղբյուր, քան պետական բյուջեի եկամուտներն են եւ ներգրավվող պարտքն է, չունի, մենք պարբերաբար հարկեր/ՀՆԱ հարաբերակցության աճ ենք ակնկալում, որը նաեւ բացահայտում է, թե ինչ ակնկալիքներ ունենք տնտեսության չդիտարկվող հատվածից, այս տարի ակնկալում ենք հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարձր ցուցանիշ»։

Հարցին՝ եթե 2020 թվականին նախատեսվում է կենսաթոշակների բարձրացում, ապա 2020 թվականի ծախսերը որքա՞ն են ավելանալու եւ տնտեսական աճը կապահովի՞ այդ եկամուտները, նա պատասխանեց. «Մենք կարծում ենք որ տնտեսական աճը ավելիի հնարավորություն է ընձեռելու, ավելի բարձր են լինելու թե՛ եկամուտները, թե՛ ծախսերը: Մենք գնացել ենք հավասարակշռված, գնահատված սցենարով, որը մեզ հուշում է, որ միջին 5 տոկոս աճի հավանակությունը 40-45 տոկոս միջակայքում է»։