Պարզվել է Արարատի մարզում Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացած «ԳԱԶԵԼ» –ի ուղեւորներից մեկի ինքնությունը։ Այս մասին  NEWS.am–ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Դատագենետիկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ մահացածը՝ Երասխ գյուղի բնակիչ 1964 թվականին ծնված Սոֆյա Ոսկանյանն է։

Ավելի վաղ հայտնել ենք, որ 2019 թվականի հուլիսի 6-ին՝ժամը 15:00-ի սահմաններում,  Արարատ քաղաքի Զոդի կամրջի վրա, միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ է բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետեւ հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում:

Վթարի հետեւանքով ստացած այրվածքներից «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ վերջինիս հինգ ուղեւորները տեղում մահացել են (6 դիերից մեկն արական սեռի է, հինգը՝ իգական), «ԳԱԶԵԼ»-ում գտնվող մյուս ուղեւորները, ինչպես նաեւ «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորները՝ ընդհանուր 13 մարդ, մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոններ:

Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՔՕ 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): Հուլիսի 8-ին Toyota Hilux-ի վարորդ Սողոմոն Հակոբյանը կալանավորվել է։