Եվրամիության դատարանը չեղարկել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ նրա շրջապատի դեմ պատժամիջոցները, հաղորդում է «112 Ուկրաինա»-ն:

Չեղարկվել են նաեւ նրա որդու՝ Ալեքսանդր Յանուկովիչի, եկամուտների եւ տուրքերի նախկին նախարար Ալեքսանդր Կլիմենկոյի, գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկիի, նրա որդու՝ Արտեմ Պշոնկիի, ազգային բանկի նախկին նախագահ Սերգեյ Արբուզովի եւ Ուկրաինայի նախագահի վարչակազմի նախկին ղեկավար Անդրեյ Կլյուեւի դեմ պատժամիջոցները:

Նշենք, որ որոշումը վերաբերում է պատժամիջոցներին, որոնց երկարաձգումն իրականցվել է ԵՄ Խորհրդի կողմից 2016-2018թթ.:

Վերոնշյալ քաղաքական գործիչների դեմ առաաջին անգամ պատժամիջոցներ էին սահմանվել 2014 թվականին:

Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 24-ին Կիեւի Օբոլոնսկի շրջանային դատարանը հեռակա կարգով Վիկտոր Յանուկովիչին 13 տարվա ազատազրկման էր դատապարտել:

Փետրվարի 26-ին դատարանը հայտնել էր,որ Յանուկովիչի պաշտպանությունը 5 բողոքարկում է ներկայացրել:    

Մարտի 5-ին բողոքարկիչ դատարանը գործը վերադարձրել էր շրջանային դատարան՝ ուղղումների համար, որից Օբոլոնսկի շրջանային դատարանը հրաժարվել էր:

Ապրիլի 20-ին հայտնի էր դարձել, որ Կիեւի բողոքարկիչ դաարանը Վիկտոր Յանուկովիչի դատավճռի բողոքարկման քննարկումը նշանակել է հունիսի 13-ին: