ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 10-ին՝ Բելառուս կատարած աշխատանքային այցի վերջին օրը, այցելել է Մինսկի ավտոմոբիլային գործարան (МАЗ), որը հանդիսանում է ԱՊՀ տարածքում 1944թվականից գործող ամենամեծ մեքենաշինական գործարաններից մեկը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից։

Շրջայցի ընթացքում ցուցադրվել են գործող ավտոմոբիլային արտադրանքի նմուշները, որից հետո Սուրեն Պապիկյանն այցելել է բեռնատարների հոսքագծի կայան, ծանոթացել մեքենաների մասերի հավաքման աշխատանքային գործընթացին: Ներկայացվել է գործարանի արտադրական ներուժը, բելառուսական ուղեւորափոխադրող ավտոբուսների եւ բեռնատար մեքենաների մրցակցային առավելությունները, միջազգային շուկայում պահանջարկի եւ սպառման աշխարհագրությունը: Նշվել է, որ գործունեության սկզբնական շրջանում գործարանն առավելապես մասնագիտացել է ծանր բեռնատարների արտադրության վրա, սակայն արդեն 1995թ-ից զբաղվում է նաեւ տարբեր չափերի եւ հարմարությունների ուղեւորափոխադրող մեքենաների արտադրությամբ: Գործարանում օրական արտադրվում է 30-35 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, որոնք ամբողջովին համապատասխանեցված են ավտոմոբիլային արտադրությանը ներկայացվող եվրոպական չափորոշիչներին: Քաղաքային, միջքաղաքային, տուրիստական եւ հատուկ նշանակության ավտոբուսները գործում են աշխարհի տարբեր երթուղիներում:

Նախարար Պապիկյանի առաջարկի հիման վրա փոխադարձ պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել երկկողմ առեւտրային կապը եւ ուսումնասիրել գործարանի բեռնատար ու տրանսպորտային միջոցների արտադրության համար անհրաժեշտ դետալները ու մետաղական հումքը Հայաստանից Բելառուս մատակարարելու հնարավորությունը:

Այցի շրջանակներում նախարարն այցելել է նաեւ Մինսկի ավտոմոբիլային գործարանի թանգարան, որտեղ նրան ներկայացրել են գործարանի գործունեության եւ տարբեր տարիներին թողարկված ավտոմոբիլային նմուշների արդիականացման պատմությունը: