Մինսկում այսօր՝ հուլիսի 11-ին,  կայացել է ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստը, որին մասնակցել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ դատախազության լրատվական ծառայությունից։

Նիստի ընթացքում ի թիվս այլ հարցերի, քննարկվել է ակտիվների վերադարձման ոլորտում միջազգային համագործակցության, այդ համատեքստում մասնակից երկրների օրենսդրությունները ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 5-րդ՝ «Ակտիվների վերադարձման միջոցների մասին» գլխի ներքո նախատեսված նորմերին համապատասխանեցնելու գործընթացին վերաբերող հարցեր: Որոշվել է մասնակից երկրների միջեւ շարունակել այս ուղղությամբ տեղեկատվության ակտիվ փոխանակումը՝ շեշտադրումը կատարելով հատկապես ակտիվների վերադարձման ոլորտում իրավական փոխօգնության պրակտիկայի բարելավման եւ արդյունավետության բարձրացման կառուցակարգերի վրա:

Նիստի ընթացքում մասնակից երկրների պատվիրակությունները ներկայացրել են կոռուպցիայի հակազդման սեփական փորձը: Այդ շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազը հանդես է եկել անցած տարվա ընթացքում Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված ինստիտուցիոնալ բարեփոխումների ռազմավարական առաջնահերթություններին ու հետապնդած խնդիրներին, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, պատճառված վնասների վերակագնման ոլորտներում հիմնական արդյունքներին վերաբերող ելույթով:

Արթուր Դավթյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանում մեկնարկած հակակոռուպցիոն բարեփոխումներն ունեն քննություն բռնելու եւ երկրի ընդհանուր զարգացման, ժողովրդավարացման, պետական կառավարման համակարգի թափանցիկության, հաշվետվողականության եւ արդյունավետության մակարդակի կտրուկ բարձրացման լիարժեք մեկնարկային նախադրյալներ, քանի որ դրանք հիմնված են դրսեւորվող քաղաքական կամքի, հասարակության լիարժեք օժանդակության, իրավապահ մարմինների պրոֆեսիոնալիզմի եւ վճռականության, ինչպես նաեւ ավելի վաղ կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված ինստիտուցիոնալ մի շարք կառուցակարգերի՝ մասնավորապես ապօրինի հարստացումը քրեականացնելու, հայտարարագիր ներկայացնող եւ նրանց փոխկապակցված անձանց շրջանակներն ընդլայնելու իրավական հիմքերի ստեղծման, ազդարարի ինստիտուտի ներդրման վրա: Ըստ գլխավոր դատախազի՝ այս բազայի հենքին Հայաստանը ներկայումս հակակոռուպցիոն պայքարի արդյունավետության բարձրացումը տեսնում է հանցավոր ծագում ունեցող գույքի բռնագրավման, երկրից ապօրինի դուրս բերված ակտիվները վերադարձնելու եւ օրինական տիրապետողին հանձնելու իրավական մեխանիզմների կատարելագործման, հակակոռուպցիոն կենտրոնացված մոդելի ստեղծման եւ այլ կոնցեպտուալ ուղղություններով: «Մեր կողմից այս կառուցակարգերի ներդրման հարցում դրսեւորվում է ընդգծված զգուշավորություն, քանի որ առկա է շատ հստակ նախապայման՝ գտնել այնպիսի լուծումներ, որոնք լիարժեքորեն կերաշխավորեն մի կողմից սեփականության անձեռնմխելիության եւ մարդու սեփականության իրավունքի պաշտպանության, իսկ մյուս կողմից սոցիալական արդարության վերականգնման հանրային շահի բավարարման հավասարակշռությունը»,-հավելել է Արթուր Դավթյանը:

Փոխըմբռնման, վստահության եւ կառուցողական երխոսության ոգով անցկացված Խորհրդի նիստի ընթացքում ընդհանուր առմամբ ընդունվել է 10 որոշում, որոնք վերաբերում են ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի կողմից ընդունված նախկին որոշումների, հակակոռուպցիոն պայքարում Միջպետական խորհրդի մասնակից երկրների համագործակցության կոնցեպցիայի իրականացման արդյունքներին, ինչպես նաեւ հանցավորության դեմ համատեղ միջոցների 2019-2023թթ. միջպետական ծրագրով առաջիկա մեկ տարվա համար նախատեսված միջոցառումներին: Մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարներն արդյունավետ են գնահատել նախորդ տարի անցկացված «Միասին ընդդեմ կոռուպցիայի» միջազգային երիտասարդական հակակոռուպցիոն մրցույթը, ինչից ելնելով որոշվել է այս տարի եւս նման միջոցառում անցկացնել:

Բարձր գնահատելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի նախագահությամբ նախորդ տարվա ընթացքում Միջպետական խորհրդի գործունեության դինամիկան եւ արդյունավետությունը՝ նիստի ընթացքում սահմանված կարգով նախագահությունը փոխանցվել է Բելառուսի Հանրապետությանը:

Որոշվել է ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի հաջորդ տարվա նիստն անցկացնել Ղազախստանի Հանրապետությունում:

Բելառուս կատարած աշխատանքային այցի շրջանակներում Արթուր Դավթյանը նաեւ երկկողմ հանդիպումներ է ունեցել ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի անդամ առանձին երկրների պատվիրակությունների ղեկավարների, գլխավոր դատախազների հետ, որոնց ընթացքում քննարկվել են իրավական փոխօգնության եւ այլ ոլորտներում երկկողմ եւ բազմակողմ համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր: