Ալավերդու պղնձաձուլական գործարանից 200 աշխատակցին ազատելով՝ «Էյ-Սի-Փի» ՓԲԸ-ն առաջնորդվել է մասնագիտական կարգով, տարիքով, առողջական վիճակի մասին տեղեկատվությամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Էյ-Սի-Փի» ՓԲԸ տնօրեն Լուսինե Մեջլումյանը։ Նշենք, որ շուրջ 2 շաբաթ է` Ալավերդու պղնձաձուլարանի 200 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից, նրանք բողոքի ակցիա էին կազմակերպել եւ պահանջում էին տնօրինությունից՝ կամ առաջարկել այլընտրանք, կամ՝ հստակ պատճառ ներկայացնեն, թե ինչ հիմքով են հենց իրենց ազատել աշխատանքից։

«Որեւէ գործատուի համար դյուրին խնդիր չէ ընտրելու այն աշխատողին, ում հետ այլեւս դադարեցվելու են աշխատանքային հարաբերությունները՝ հատկապես եթե կա գիտակցում, որ աշխատողի եւ նրա ընտանիքի համար աշխատանքի կորուստը հղի է սոցիալական աղետի վտանգով։ Այդ խնդիրն առավել սուր է, երբ խոսքը համատեղ աշխատանքի մի քանի հարյուրամյա ավանդույթներով անձնակազմի մասին է։ Ազատվողներին ընտրելիս ձգտել ենք ապահովել չափանիշների առավելագույն օբյեկտիվություն եւ գործընթացի անկողմնակալություն. ի թիվս այլ չափանիշների, առաջնորդվել ենք մասնագիտական կարգով, տարիքով, առողջական վիճակի մասին տեղեկատվությամբ»,- ասաց Մեջլումյանը։

Նա անդրադարձավ նաեւ նախկին աշխատակիցների այն հայտարարությանը, թե ընկերությունն իր խոստումները չի կատարում, կապված աշխատանքից ազատվելուց հետո այլ տարբերակներին. ««Վալլեքս» խմբի ընկերությունները ամբողջությամբ կատարել են իրենց բոլոր խոստումները եւ Ալավերդու տարածաշրջանի ազգաբնակչության առջեւ ստանձնած սոցիալական պարտավորությունները: Մենք իրադրության հանգուցալուծման հայեցակարգային պլան ենք մշակել եւ ներկայացրել Կառավարության հավանությանը: Պլանը ենթադրում էր լուծումների երկու հիմնական տարբերակ: Կառավարության ներկայացուցիչների հետ հետագա բանավոր քննարկումների հիման վրա, մենք եզրակացրել ենք, որ գործարանի գործունեության ժամանակավոր վերսկսում ենթադրող տարբերակը նախընտրելի չէ: Եթե կենսագործվող նոր տնտեսական ծրագրերում հնարավորություն լինի ներգրավելու նաեւ «Էյ-Սի-Փի» ՓԲԸ-ից արդեն ազատված աշխատողների թվից, ապա նրանց եւս կառաջարկենք աշխատանք»։

Հարցին՝ գործարանից ազատված 200 աշխատակցից քանի՞սն են «Թեղուտում»  աշխատում այս պահին, Մեջլումյանն ասաց, որ «Վալլեքս» խմբի ընկերությունները վերահսկողություն չունեն «Թեղուտ» ՓԲԸ նկատմամբ. «Այդ ընկերությունում աշխատանքի անցած մարդկանց քանակի մասին պաշտոնական տեղեկատվություն տրամադրել չենք կարող»։