Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանը ԲԴԽ անդամի թափուր տեղի համար անցկացված քվեարկության արդյունքում ստացել է 111, իսկ Մեսրոպ Մակյանը 83 ձայն։ Այս մասին քիչ առաջ դատավորների ընդհանուր ժողովից հետո հրավիրված ասուլիսում հայտարարեց Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խուդկարյանը։

Նա նշեց, որ ժողովի օրակարգում ընդգրկված է եղել երեք հարց՝ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրությունը, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թափուր տեղերի ընտրությունը և դատավորների ընդհանուր ժողովին հասցեագրված դիմումների ուսումնասիրությունը։

Արդյունքում դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել Սնանկության դատարանի դատավոր Արսեն Բաբայանը։

Անդրադառնալով ԲԴԽ անդամների ընտրությանը՝ Խուդկարյանը պարզաբանեց, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարից դիմում էր ստացել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների երկու թափուր տեղերի վերաբերյալ։ Խոսքը հրաժարական ներկայացրած առաջին ատյանի դատարանի դատավորներ Արմեն Բեկթաշյանի և Արմեն Խաչատրյանի մասին է։

Նշենք, որ ընդհանուր ժողովի այսօրվա նիստում բացի Մեսրոպ Մակյանից և Ռուբեն Վարդազարյանից՝ ԲԴԽ անդամ դառնալու համար հանդիսավոր կերպով երդվել է նաև Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը։